ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան, ռեժիսոր Երվանդ Մանարյանի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ Երևանում կտեղադրվի արտիստի արձանը, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Ըստ գերատեսչության՝ 2.8 մետր բարձրությամբ արձանը կտեղադրվի Երևանի Սայաթ-Նովա պողոտա 4 հասցեին հարող տարածքում` Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի դիմաց: Բրոնզաձույլ արձանի հեղինակը քանդակագործ Արմենակ Վարդանյանն է։
ԿԳՄՍՆ-ից հավելում են, որ արձանի մտահղացման հիմքում ընկած է Մանարյանին մեծ ճանաչում բերած «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմից հատվածը: Ֆիլմի հերոսը երևակայական մոտոցիկլի վրա նստած սլանում է առաջ՝ ձեռքում պահած իր ներկայացումների կերպարներից «Անհաղթ աքլորը»:
Մանարյանը ծնվել է 1924թ․ օգոստոսի 10-ին՝ Իրանում, մահացել է 2020թ․ փետրվարի 19-ին։ Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, հեղինակել բազմաթիվ ֆիլմերի սցենարներ, նկարահանվել ֆիլմերում, հրատարակել պատմվածքներ և հոդվածներ։ 1957-59թթ. աշխատել է որպես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսոր: