Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Գլխավոր հատակագիծը զուգահեռաբար թվայնացվում է, որը ենթադրում է ընթացիկ փոփոխություններ, հավելել են գերատեսչությունից։
«Երևաննախագիծ» ընկերության տնօրեն Անդրանիկ Սեդոյանը նշել է, որ նախորդ գլխավոր հատակագծում մեծ հակասություններ կային հողային օրենսգրքի և դրա ձևակերպումների հետ, որոնք վերաբերում էին հողերի տնօրինմանը և կառուցապատմանը։
«Փորձեցինք կարճ ժամանակում ճշտել հողային հաշվեկշիռը և տրանսպորտային ցանցը։ Կատարված փոփոխություններն արդեն թվայնացվել են և ներառվել գլխավոր հատակագծում»,- պարզաբանել է նա։
Սեդոյանը տեղեկացրել է նաև, որ սեյսմիկ ռիսկերի քարտեզ են մշակել։ Նրա խոսքով՝ նախորդ հատակագծում կային ճանապարհային լուծումներ, որոնք չեն իրականացվել։
«Դրանց մեջ տարանջատել ենք արդիական լուծումներ, որոնք պետք է իրականացվեն։ Առկա էին լուծումներ, որոնց իրականացումն արդեն անիրատեսական է»,- հավելել է նա։