Wildberries-ի կառավարման փիլիսոփայությունն արդիական էր մեկ-երկու տարի առաջ, սակայն այժմ այս բիզնեսն ավելի համակարգված մոտեցում է պահանջում, RBC-ին տված հարցազրույցում ասել է Russ ընկերության արտաքին գովազդի օպերատորի գործադիր տնօրեն և RVB ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Միրզոյանը։
«Երբ ընկերությունն աճում է, կառավարման տեսանկյունից ավելի համակարգված մոտեցումն անհրաժեշտություն է դառնում։ Մենք հավակնոտ ծրագրեր ունենք, բայց դրանք ժամանակից շուտ բացահայտել չենք կարող։ Այս պահին համախմբման, ինտեգրման գործընթաց է տեղի ունենում։ Փորձագիտության, փորձի, արտադրանքի և հաճախորդների բազայի համադրման սիներգիան հիմքեր է տալիս խոսելու առավել դրական ազդեցության մասին»,- ասել է նա։
Wildberries ընկերության միաձուլումը Russ ընկերության հետ կօգնի բիզնեսի զարգացմանը, ասել է Wildberries-ի ղեկավար Տատյանա Բակալչուկը։
Նրա խոսքով՝ ընկերության պարզ և անվերահսկելի ընդլայնումն առանց նորմալ կառավարման համակարգի հանգեցրել է նրան, որ ամեն ինչ սկսել է փլուզվել:
«Դա նման է հում, չթխված կարկանդակի: Մեզ համար դժվար էր մարսել»,- ասել է Բակալչուկը և հավելել, որ Wildberries-ի և Russ-ի միաձուլումը հնարավորություն է տվել ձեռք բերել «շատ հզոր ռեսուրս» և «թոփ մենեջերներ»:
Wildberries-ը և Russ-ը հայտարարել էին իրենց միաձուլման մասին 2024 թվականի հունիսին: Հուլիսին ընկերությունները ստեղծել էին համատեղ ձեռնարկություն, որում արդեն վերագրանցվել են Wildberries-ի բոլոր դուստր ձեռնարկությունները, ինչպես նաև շուկայական դոմենը։ Գործարքը հաստատվել էր կառավարության մակարդակով, և դրա նպատակներն են ընկերության միջազգային ընդլայնումը, ռուսական ապրանքանիշերի առաջմղումը արտասահմանում և Amazon-ի և Alibaba-ի համար մրցակիցների ստեղծումը։
Դիտեք Armenia Today-ի ռեպորտաժը՝ «Ինչպես է Wildberries-ը զարգացնում իր բիզնեսը Հայաստանում»։