Դատախազությունը պահանջում է Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման, Armenia Today-ին հայտնել է Դատախազի գլխավոր խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։
Նա նաև նշել է, որ Թովմասյանի գործով հերթական դատական նիստը կայացել էր օգոստոսի 8-ին, որի ընթացքում դատախազը հանդես է եկել ճառով։
Թովմասյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Նրան առաջադրված մեղադրանքի մեջ նշվում է, որ նա 2019թ․ դեկտեմբերի 17-ից մինչև 2014թ․ ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը՝ նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։
Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին։
Դատախազությունը մեղադրական եզրակացությունը դատարան էր ուղարկել 2020թ․ մարտին։