Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավին հայտարարել է, որ ԻՀՊԿ առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հրամանն Իսրայելին պատասխան հարված հասցնելու մասին անպայման կկատարվի: Նրա խոսքով՝ Իսրայելի իշխանություններին կստիպեն վճարել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար, և որ դա Իրանի պարտքն է, հայտնում է Kommersant-ը։
Ավելի վաղ արևմտյան ԶԼՄ-ները գրել էին, որ իրանական ղեկավարությունում տարաձայնություններ կան, թե ինչպես ճիշտ պատասխանել Իսրայելի հարձակմանը Թեհրանի վրա:
Sky News Arabia-ի աղբյուրներով՝ Թեհրանը ծրագրում է հարված հասցնել օգոստոսի 12-ին կամ 13-ին, քանի որ այդ ամսաթվերին է համընկնում հրեա ժողովրդի սգո ազգային օրը՝ Տիշա-Բե-Ավը (իններորդ Ավա): NBC-ն, վկայակոչելով իսրայելցի պաշտոնյաներին, հայտնել է, որ երկիրը պատրաստվում է հրթիռային հարձակման: Անանուն ամերիկացի պաշտոնյաները Politico-ի հետ զրույցում հայտարարել են, որ Իրանը կարող է հրաժարվել Իսրայելի դեմ զանգվածային հարձակումից: Նախօրեին The Telegraph-ը գրել էր, որ Մասուդ Փեզեշքիանը փորձում է համոզել ԻՀՊԿ-ին ուղղակի հարված չհասցնել Թել Ավիվում տեղակայված ռազմաբազաներին, այլ հարվածել Ադրբեջանում և Քրդստանում Իսրայելի գաղտնի բազաներին:
Տարածաշրջանում իրադրությունը սրվել էր հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Իրանը հայտարարել էր պատասխան քայլեր ձեռնարկելու մասին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը մտահոգված է, որ Հանիայի սպանությունը կարող է մեծացնել տարածաշրջանային պատերազմի վտանգը։ Tհe New York Times–ը հաղորդել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության: