Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը «կարմիր գիծ» է Իրանի համար, հայտարարել է Կապանում Իրանի հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը։
Նա նշել է, որ Թեհրանի դիրքորոշումը հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում Հայաստանի ինքնիշխանության պահպանման հարցում չի փոխվել, և Իրանի ռազմավարությունն այս ոլորտում միշտ հստակ է։
Դիվանագետը հավելել է, որ Իրանն այդ դիրքորոշումն ընդգծել է Թեհրանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ հանդիպման ժամանակ։
2022 թվականի հոկտեմբերին Կապանում բացվել էր Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ Թեհրանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին հայտարարել էր, որ Իրանը «Զանգեզուրի երթուղին» համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է հավատարիմ մնալ այդ դիրքորոշմանը։ Փաշինյանի վերջին այցն Իրան տեղի էր ունեցել հուլիսի 30-ին։ Նա մասնակցել էր Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։