Սյունիքի մարզի Գորիս և Իրանի Քաշան քաղաքները կդառնան քույր քաղաքներ, ինչը կավելացնի իրանցի զբոսաշրջիկները թիվը Գորիսում, «Համագործակցության մետաքսե գորգ» խորագրով հայ-իրանական մշակութային փառատոնի ժամանակ հայտարարել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
Նրա խոսքով՝ Կապանում Իրանի հյուպատոսի հետ կա նման փառատոններ ավելի հաճախակի կազմակերպելու պայմանավորվածություն։
«Արցախյան պատերազմից հետո Գորիսը շատ հնարավորություններ է կորցրել, և հիմա շեշտը դրել ենք զբոսաշրջության վրա։ Հենց դրանով էլ փորձում ենք առաջ գնալ»,- ասել է Առուշանյանը։
Նա ընդգծել է, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր է՝ նշելով, որ Հայաստանի ներկայիս սահմանների պահպանումը բխում է Թեհրանի շահերից։
«Բացի այդ, մի քանի հազար տարի առաջ մեր շահերը համընկել են, և մենք միասին կռվել ենք։ Հուսով եմ՝ աշխարհաքաղաքական իրավիճակն այնպես կզարգանա, որ ապագա սպառնալիքների դեմ միասին դուրս կգանք պատերազմի դաշտ»,- ասել է Առուշանյանը։
Ավելի վաղ Կապանում Իրանի հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը հայտարարել էր, որ Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը «կարմիր գիծ» է Իրանի համար։