Օգոստոսի 12-ին՝ ժամը 15:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Աջափնյակ-1» նստավայրում, մեկնարկելու է 16 մեղադրյալի նկատմամբ «Հունիսի 12-ի» գործով (Բաղրամյան պողոտայում ցուցարարների և ոստիկանների միջև բախման․ – խմբ) դատավարությունը, հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան։
Փաստաբանը նշել է, որ նրանցից 15-ը մեղադրվում է խուլիգանության հոդվածով, մեկը՝ զանգվածային անկարգության։ 4 մեղադրյալ գտնվում է բանտային կալանքի տակ, 8-ը՝ տնային կալանքի, 2-ը՝ վարչական հսկողության, 2-ը՝ բացակայելու արգելքի։
Նիստը նախագահելու է դատավոր Արամայիս Ասատրյանը։
Հուլիսի 29-ին Քննչական կոմիտեն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպված ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք էր ներկայացրել։
Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ շարժման հավաքն ավարտվել էր բախումներով։ Շարժման ներկայացուցիչները ոստիկանությանը մեղադրել էին Պռոշյան փողոցում իրենց կողմնակիցներին բերման ենթարկելու սադրանքի համար, և պահանջել բացել ԱԺ շենքի մուտքը: Դրանից հետո իրավիճակը սրվել էր, ոստիկանությունը մահակներ, հատուկ միջոցներ էր կիրառել։