Երևանի քաղաքապետարանը գործարկել է «Ակտիվ քաղաքացի» կայքն ու բջջային հավելվածը, որոնք բնակիչներին թույլ են տալիս ահազանգել քաղաքի խնդիրների մասին, հայտնել են քաղաքապետարանից։ Հավելվածը հնարավորություն է տալիս քաղաքացու գտնվելու վայրից ահազանգել խնդրի մասին՝ թողնելով տեքստային հաղորդագրություն, կցելով լուսանկար և տեսանյութ:
««Ակտիվ քաղաքացի» հարթակը բաղկացած է երկու մասից։ Մեկը կայքն է, որով ներկայացվում են քաղաքապետարանի կողմից քննարկվող գաղափարները և դիտարկվում են քաղաքացիների առաջարկերը։ Մյուսը բջջային հավելվածն է, որը խնդիրներին արագ արձագանքելու համար է ստեղծվել»,- ասել է «Ակտիվ քաղաքացի» հարթակի ծրագրերի ղեկավար Իզաբելլա Նիկողոսյանը։
Քաղաքապետարանից տեղեկացրել են, որ հայտը գրանցելու պարտադիր պայմաններ կան։ Թեպետ խնդիրներն ընդունվում են տարբեր լեզուներով, բայց հայերեն լեզվով ներկայացված խնդիրները պարտադիր է ներկայացնել միայն հայատառ։
Նիկողոսյանի խոսքով՝ կա խնդիրների ցանկ, որը քաղաքացին կարող է ընտրել հավելվածի ցանկից։ Նա նշել է, որ քաղաքացին հնարավորություն ունի նաև գնահատել իր կողմից արձանագրած խնդրի լուծման արդյունավետությունը։
Անդրադառնալով քաղաքացիների տվյալների պաշտպանությանը՝ մասնագետն ընդգծել է, որ բնակիչները տվյալները կարող են թաքցնել այնպես, որ այն հասանելի լինի միայն ծրագրի աշխատակիցներին։
«Ակտիվ քաղաքացի» էլեկտրոնային հարթակը Երևանի քաղաքապետարանը գործարկել է 2019 թվականի հուլիսին։ Երևանցիները 2023 թվականի դեկտեմբերին նշել էին քաղաքի գլխավոր խնդիրները։ Նրանք ամենից շատ բողոքել են հասարակական տրանսպորտից, աղբահանության հետ կապված խնդիրներից և օդի աղտոտվածությունից։ Ըստ ՄՊԳ/Gallup International Association-ի, օգոստոսին Երևանում հարցված 808 քաղաքացիների գրեթե 50%-ը կողմ է արտահայտվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հրաժարականին։
Օգտագործման հրահանգները հասանելի են քաղաքապետարանի պատրաստած ուսումնական տեսանյութում։
Հավելվածը կարող եք ներբեռնել հետևյալ հղմամբ։