Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսը նախորդ տարվա համեմատ նվազել է 0,2 կետով, իսկ 2021 թվականի համեմատ՝ 9 կետով։ Հայաստանի տնտեսությունը համաշխարհային վարկանիշում 64,9 միավոր ցուցանիշով զբաղեցրել է 47-րդ տեղը, տեղեկանում ենք Heritage Foundation-ի ուսումնասիրությունից։
«Հայաստանի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 0,2 կետով, երկիրը եվրոպական տարածաշրջանի 44 երկրների շարքում 26-րդն է։ Երկրի տնտեսական ազատության ինդեքսը համաշխարհային միջինից բարձր է, բայց տարածաշրջանայինից՝ ցածր։ Հայաստանի տնտեսությունը 2024 թվականի ինդեքսով համարվում է «չափավոր ազատ»»,- ասվում է զեկույցում։
Կենտրոնը մատնանշել է Հայաստանի դատական համակարգի անկախության բացակայությունը և կոռուպցիան, ինչը խոչընդոտում է ավելի դինամիկ տնտեսական զարգացման հնարավորություններին։ Հայաստանում սեփականության իրավունքը և դատական համակարգի արդյունավետությունը համաշխարհային միջին ցուցանիշներից ցածր է։
«Հայաստանում կարգավորող միջավայրը, ընդհանուր առմամբ, համեմատաբար լավ ինստիտուցիոնալացված է, բայց չունի արդյունավետություն: Երկրի բիզնեսի ազատության և աշխատուժի ազատության ցուցանիշները բարձր են համաշխարհային միջինից, իսկ դրամական ազատությունը ցածր է համաշխարհային միջինից»,- նշել է Heritage Foundation-ը։
Ըստ վերլուծական կենտրոնի՝ միջին կշռված սակագնի դրույքաչափը կազմում է 5,7%, սակայն ֆինանսական հատվածը վերահսկվում է պետության կողմից և գերակշռում են մի քանի լավ կապիտալացված բանկեր:
Heritage Foundation-ը պետությունները դասակարգում է 12 ցուցանիշների հիման վրա՝ ներառյալ սեփականության իրավունքը, իրավական համակարգի արդյունավետությունը, կոռուպցիայից ազատությունը, հարկերի ազատությունը, պետական ծախսերը, կառավարությունից ազատությունը, բիզնեսի ազատությունը, աշխատանքի ազատությունը, դրամական ազատությունը, առևտրի ազատությունը, ներդրումների ազատությունը, նաև ֆինանսական ազատությունը:
Հայաստանը վարկանիշային աղյուսակում գտնվում է Բելգիայի (46-րդ տեղ) և Ալբանիայի (48-րդ տեղ) միջև։ Վարկանիշի առաջատարներն են Սինգապուրը, Շվեյցարիան և Իռլանդիան։ Վրաստանն այս ցուցակում զբաղեցնում է 32-րդ տեղը, Ադրբեջանը՝ 70-րդ, Թուրքիան՝ 102-րդ, Իրանը՝ 169-րդ։
2019 թվականին Հայաստանը նույնպես զբաղեցրել էր 47-րդ տեղը տնտեսական ազատության համաշխարհային վարկանիշում։ 2020 թվականին երկիրը բարելավել էր դիրքերը 13 կետով և զբաղեցրել 34-րդ տեղը։ Այնուհետև Հայաստանն ընդգրկվել էր գերազանցապես ազատ երկրների խմբում։ 2021 թվականին երկիրը կրկին երկու հորիզոնականով բարելավել էր իր վարկանիշը, սակայն 2023 թվականին 184 երկրների շարքում իջել էր 50-րդ տեղը։