Դատարանը փոխել է հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների և ոստիկանների միջև բախումների գործով անազատության մեջ գտնվող 12 անձի խափանման միջոցը, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Նա մանրամասնել է, որ փոխվել են 4 բանտարկյալի և 8 տնային կալանքի ենթարկվածի խափանման միջոցները։ Մելիքյանը նշել է, որ կիրառվել են բացակայելու արգելք և վարչական հսկողություն։
Օգոստոսի 11-ին փաստաբանը հայտնել էր, որ «Հունիսի 12-ի» գործով 15 անձ մեղադրվում է խուլիգանության հոդվածով, մեկը՝ զանգվածային անկարգության։ 4 մեղադրյալ գտնվում է բանտային կալանքի տակ, 8-ը՝ տնային կալանքի, 2-ը՝ վարչական հսկողության, 2-ը՝ բացակայելու արգելքի։
Հուլիսի 29-ին Քննչական կոմիտեն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կազմակերպված ակցիայի ընթացքում խմբակային խուլիգանության վարույթով 16 անձի մեղադրանք էր ներկայացրել։
Հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ շարժման հավաքն ավարտվել էր բախումներով։ Շարժման ներկայացուցիչները ոստիկանությանը մեղադրել էին Պռոշյան փողոցում իրենց կողմնակիցներին բերման ենթարկելու սադրանքի համար, և պահանջել բացել ԱԺ շենքի մուտքը: Դրանից հետո իրավիճակը սրվել էր, ոստիկանությունը մահակներ, հատուկ միջոցներ էր կիրառել։