ԱՄՆ-ն, Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան Իրանի իշխանություններին կոչ են անում հրաժարվել Իսրայելի դեմ ռազմական հարձակման մշտական սպառնալիքներից, գրում է Komersant-ը։
Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հետևանքները, եթե այդպիսի հարձակում տեղի ունենա։ Ըստ աղբյուրի՝ պետություններն աջակցություն են հայտնել Իսրայելին՝ Իրանի հարձակումներից պաշտպանելու հարցում:
ԱՄՆ կառավարությունը նաև կոչ է արել իր բոլոր դաշնակիցներին ազդել Իրանի վրա՝ Մերձավոր Արևելքում լարվածությունը նվազեցնելու համար։ Թուրքիայում Ամերիկայի դեսպան Ջեֆ Ֆլեյքի խոսքով՝ դա վերաբերում է նաև Անկարային։
«Մենք խնդրում ենք մեր բոլոր դաշնակիցներին, ովքեր հարաբերություններ ունեն Իրանի հետ, այդ թվում՝ Թուրքիային, ազդել Իրանի վրա»,- ասել է դեսպանը։
Նա հավելել է, որ Թուրքիայի ներկայացուցիչները վստահ են, որ տարածաշրջանում էսկալացիա չի լինի։ Նրա խոսքով՝ այժմ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններն «ավելի լավ վիճակում են, քան երբևէ նախկինում»:
Ի պատասխան՝ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ այս երկրների զսպվածության կոչը զուրկ է քաղաքական տրամաբանությունից և հակասում է միջազգային իրավունքի սկզբունքներին։ Ըստ իրանական գերատեսչության ղեկավար Նասեր Քանանիի՝ պետություններն այդպիսով պահանջում են, որ Իրանը չարձագանքի իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտումներին։
Տարածաշրջանում իրադրությունը սրվել էր հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Իրանը հայտարարել էր պատասխան քայլեր ձեռնարկելու մասին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը մտահոգված է, որ Հանիայի սպանությունը կարող է մեծացնել տարածաշրջանային պատերազմի վտանգը։ Tհe New York Times–ը հաղորդել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության:
Էրդողանը փակ հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Նշվում է, որ...