Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքի բովանդակությունը «չափազանց կասկածելի» է անվանել՝ կոչ անելով Հայաստանի իշխանություններին կանխել այն դպրոցներ հասցնելը։
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ դասագրքի «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով գլուխներից մեկը խեղաթյուրում է 18-րդ դարի վերջից մինչև 19-րդ դարի սկիզբը Հարավային Կովկասում տեղի ունեցած իրադարձությունները։
«Մասնավորապես, վերանայման են ենթակա 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքների գնահատականները։ Թուրքմենչայի պայմանագիրն անվանվում է ոչ այլ ինչ, քան Արևելյան Հայաստանի «բռնակցում»։ Նման ձևակերպումը կարող է ցանկացած պատմաբանի ապշեցնելու պատճառ դառնալ»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ «վստահելի աղբյուրներ» կարդալու դեպքում, այդ թվում՝ հայկական, կարելի է տեսնել 1828 թվականի հաշտության պայմանագրի վերաբերյալ բոլորովին այլ մոտեցումներ։
«Կասկածի տակ դնել Ռուսական կայսրության, հետագայում նաև ԽՍՀՄ-ի և Ռուսաստանի հատուկ դերը ներկայիս Հայաստանի ձևավորման գործում, նշանակում է դեմ գնալ, ընդհանուր առմամբ, հայտնի փաստերին։ Խոսքը մեր ընդհանուր պատմությունը վերաշարադրելու հերթական ամոթալի փորձի մասին է։ Արևմտյան քարոզչության և քաղաքական ինժեներիայի լավագույն ավանդույթներով և իրենց հովանավորներին հաճոյանալ փորձող առանձին հայ գործիչների «թեթև ձեռքով» սպիտակը սև է կոչվում»,- ասվում է հայտարարության մեջ։
ԱԳՆ-ն նաև ընդգծել է, որ նման ձևակերպումները հակասում են պատմական հիշողության պահպանման ոլորտում Հայաստանի ղեկավարության ստանձնած պարտավորություններին։ Այս կապակցությամբ գերատեսչությունը մեջբերել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարությունը, ըստ որի՝ «կողմերը, պահպանելով ընդհանուր անցյալի նկատմամբ միասնական մոտեցումները, մտադրություն են հայտնել շարունակել պայքարը Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և պատմության կեղծման դեմ»։
«Հուսով ենք՝ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա նման դասագիրքը հասցնել դպրոցներ, ինչպես նաև աչք չեն փակի մեր ընդհանուր անցյալը խեղաթյուրելու նման անարատ փորձերի վրա»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ-ն։