Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտնել է, թե ինչ պատճառներով է հետաձգվում Իրանի հարվածն Իսրայելին, որի մասին գրեթե ամենօրյա ռեժիմով գրում և կանխատեսումներ են անում տարբեր երկրների հետախուզական ծառայությունները։
«Չնայած այն հանգամանքին, որ որոշ շրջանակներ իրանական հարվածի ձգձգումը կապում են գաղտնի ռեժիմով բանակցությունների հետ, առավել հավանական է, որ դրա հիմքում երկու այլ առանցքային գործոն կա»,- գրում է նա:
Պատգամավորի կարծիքով՝ առաջին հերթին ցանկացած գործողության արդյունավետության հիմքում անկանխատեսելության գործոնն է. Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդին խոցելուց հետո անմիջապես գործողության գնալը խիստ կանխատեսելի էր և դրան հակազդելն առավել հեշտ կլիներ:
«Երկրորդ, Իրանի հարվածի ձգձգումը կարող է կապված լինել այդ գործողության մասշտաբայնության հետ, որը մանրամասն պլանավորվում է և կարող է տարածաշրջանում չսահմանափակվել տեղային օպերացիայով ու լայնամասշտաբ պատերազմի վերածվել»,- եզրակացնում է պատգամավորը:
Օգոստոսի 13-ին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել էր, որ Իրանն առաջիկա ժամերին կարող է Իսրայելին պատասխան տալու մասին որոշում կայացնել։ Օգոստոսի 11-ին «Ինտերֆաքս»-ը հայտնել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) զորավարժություններ է սկսել Իրանի արևմուտքում:
Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԳՆ-ն կոչ էր արել իր քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց։
Տարածաշրջանում իրադրությունը սրվել էր հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Իրանը հայտարարել էր պատասխան քայլեր ձեռնարկելու մասին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը մտահոգված է, որ Հանիայի սպանությունը կարող է մեծացնել տարածաշրջանային պատերազմի վտանգը։ Tհe New York Times–ը հաղորդել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության: