Օգոստոսի 18-ին Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք)։ Այն Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:
Ամեն տարի տոնի առթիվ Սուրբ Պատարագ է մատուցվում, որից հետո կատարվում է խաղողօրհնեքի կարգ: Պատարագից հետո օրհնվում է խաղողը, այնուհետև ողկույզները բաժանվում են ժողովրդին: Պտուղներից հենց խաղողն է օրհնվում, «քանզի Տերը խաղողի որթը բոլոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ ինքն իրեն խաղողի որթ անվանելով»:
Armenia Today-ը մեկտեղել է տոնի առթիվ նախատեսվող միջոցառումները։
Օգոստոսի 18-ին՝ ժամը 18:30-ին, Ոսկեվազ գյուղի գինու գործարանի տարածքում տեղի կունենա խաղողօրհնեքի արարողություն: Միջոցառմանը մասնակցելն արժե 10 000 դրամ, երեխաների համար՝ 5000 դրամ: Արժեքը ներառում է ֆուրշետ, «Ոսկեվազ» գինու հյուրասիրություն, ինչպես նաև կենդանի երաժշտություն՝ NewTon բենդի կատարմամբ:
Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը «Երազ» զբոսայգում
Երևանի «Երազ» զբոսայգում միջոցառումները կմեկնարկեն ժամը 18:00-ին՝ խաղողօրհնեքով, որին կհաջորդեն ժողովրդական երգերն ու ծիսական խաղերը՝ «Նավակատիք» կրթամշակութային ՀԿ-ի և «Մասունք» ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ։ Տեղի կունենան նաև տիկնիկագործության, կարպետագործության, գորգագործության, խաչբուռի հյուսման, ասեղնագործության, թաղիքագործության վարպետաց դասեր։
Տոնի ևս մեկ արարողություն տեղի կունենա Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում: Միջոցառումն ուղեկցվելու է համերգով, ազգային պարերով և ավանդական ուտեստների հյուրասիրությամբ: Սկիզբը՝ ժամը 15:00-ին:
Խաղողի տոնը Գյումրիում կնշվի օգոստոսի 17-18-ը՝ Grape Fest-2024 փառատոնի շրջանակներում։ Ծրագրում նախատեսվում է խաղողի ճզմման արարողություն, գինու համտես, կոկտեյլների պատրաստման վարպետության դաս, հայկական ավանդական պարեր, համերգ և DJ-սեթեր: Մասնակիցների համար ելույթ կունենան նաև Աղասի Իսպիրյանը, Մասիս Հունանյանը և Ռուբեն Սասունցին: Փառատոնը կմեկնարկի ժամը 12:00-ին, մուտքն ազատ է: