Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը Հայաստանի իշխանություններին մեղադրել է Ադրբեջանի բանտերում պահվող հայ ռազմագերիներին ազատելու համար քայլեր չձեռնարկելու մեջ։
«Այս պահին տասնյակ հայեր պահվում են ադրբեջանական բանտերում։ Նրանք դատվում են շինծու մեղադրանքներով, ենթարկվում են խոշտանգումների, ծաղրանքի։ Նրանց հանցանքն այն է, որ յուրաքանչյուրն ուժերի և խելքի սահմաններում փորձել է ինչ-որ բան անել մեր հասարակության համար՝ շարքային զինվորից մինչև Արցախի քաղաքական ղեկավարություն: Հայաստանի իշխանությունները թքած ունեն Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալների վրա», – Telegram-ում գրել է Մինասյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունների անտարբերութան ապացույցներից է այն փաստը, որ ադրբեջանում պահվող ռազմագերիներին ազատելու հարցը չեն բարձրացնում միջազգային կազմակերպություններում, միջազգային ատյաններում գործընթացներ չեն հարուցում և «ընտրել են այդ մարդկանց մասին մոռանալու ճանապարհը»։
«Կա՛մ այն պատճառով, որ շահութաբեր է, կա՛մ հարմար է, կա՛մ այն պատճառով, որ այն արդեն ակտուալ չէ, այլ կերպ ասած՝ պահանջարկ չունի»,- գրել է նախկին դեսպանը։
Մինասյանի կարծիքով՝ հեղափոխությունից հետո հասարակության մեջ սերմացրել են «անհարմարը մոռանալու» մոտեցումը։
«Հեղափոխությունը ժամանակակից հային սովորեցրել է շատ արդյունավետ կերպով մոռանալ անհարմարը։ Անտեսել այն, ինչ հիվանդ է: Անտեսել բարոյական սկզբունքները, դադարել համակրել»,- գրել է դիվանագետը։
Դատախազությունն օգոստոսի 6-ին հանրային քրեական նոր հետապնդում էր հարուցել Մինասյանի և 13 անձի նկատմամբ «փողերի լվացման» մեղադրանքով։ 2020թ. մարտի 17-ին նրա նկատմամբ քրհետապնդում էին հարուցել «ապօրինի հարստանալու», «հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերի տվյալները թաքցնելու» և «առանձնապես խոշոր չափերի հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու» մեղադրանքներով: 2021-ին դատարանը Մինասյանին կալանավորելու որոշում էր կայացրել, նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում, որն «Ինտերպոլը» 2022-ին դադարեցրել էր։ Մինասյանը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսան է՝ աղջկա ամուսինը։