Ռուսաստանի հայերի միությունը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանում պահվող հայերի հարցը բարձրացնելու խնդրանքով, հայտնում են միությունից։
ՌՀ միության ղեկավար Արա Աբրահամյանն իր ուղերձում Պուտինին խնդրել է այցի ընթացքում հնարավոր ուշադրություն դարձնել ավելի քան հարյուր հազար բռնի տեղահանված հայերի ճակատագրին, Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային-պատմական և հոգևոր-կրոնական ժառանգությանը, ինչպես նաև մի քանի տասնյակ գերեվարված հայերի ճակատագրին։
«Ձեր հեղինակությունը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի հետ ձեր անձնական հարաբերությունների բնույթը, որոնք բնութագրվում են վստահության բարձր աստիճանով, մեզ հույս են ներշնչում այս հարցերում առաջընթացի հասնելու հարցում, հատկապես՝ Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի, Լևոն Մնացականյանի և մյուսների ճակատագրի վերաբերյալ»,- ասված է դիմումում։
ՌԴ նախագահն օգոստոսի 18-ին պետական այցով ժամանել է Բաքու։