ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել «օգտվել նոյեմբերին Բաքվում կայանալիք կլիմայի փոփոխության վերաբերյալ ՄԱԿ-ի COP29 համաժողովից՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար», հայտնում է բրյուսելյան EUobserver-ը։
«Դեպի կայուն և տևական խաղաղություն վճռական քայլեր ձեռնարկել ժամանակն է։ Ադրբեջանը պետք է օգտագործի COP29-ը Հայաստանի հետ խաղաղություն ստորագրելու համար»,- Եվրահանձնաժողովի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում հրատարակությունը։
ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագրի նախկին փոխնախագահ և Unilever-ի գործադիր տնօրեն Փոլ Փոլմանը EUobserver-ին հայտնել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ճնշումը կարող է հանգեցնել երկրում դրական փոփոխությունների, մասնավորապես՝ ավելի քան 280 քաղբանտարկյալի, ինչպես նաև Անար Մամեդլիի նման լրագրողների և ակտիվիստների հետ կապված:
«Քաղաքական ներկայությունն առանցքային խնդիր է, քանի որ Հայաստանը չի կարող խաղաղության բանակցություններ վարել՝ զենքը գլխին դրած: Եթե մարդիկ, որոնք ներկայացնում են [Հայաստանը] բանտում են, նրանք չեն կարող դրա [խաղաղության բանակցությունների] մաս լինել»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ՝ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը պարբերականին ասել է, որ մոտ ապագայում խաղաղության պայմանագրի ստորագրման համար «դեռևս լուրջ խոչընդոտներ կան», և «ԵՄ-ի՝ որպես ազնիվ միջնորդի դիրքը խարխլված է»։
Նշվում է նաև, որ Ադրբեջանի կառավարությունը ժամանակին չի պատասխանել EUobserver-ի հարցերին:
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանն աջակցություն էր հայտնել COP29 համաժողովն ընդունելու Ադրբեջանի դիմումին։ The Guardian-ը կանխատեսել էր ակտիվիստների դժգոհությունը՝ կապված ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության համաժողովն Ադրբեջանում անցկացնելու հետ։
Դեկտեմբերի 18-ին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և ֆրանսիացի մի շարք քաղաքական գործիչներ դեմ էին արտահայտվել 2024 թվականին Բաքվում COP29-ի անցկացմանը։ Հունիսի 4-ին գերմանացի իրավապաշտպանները Բաքվում COP29-ին ընդառաջ պահանջել էին ազատել հայ բանտարկյալներին։