Բաքուն Ադրբեջանում նոյեմբերի 11-12-ը կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովն (COP29) օգտագործում է հանրային կարծիքն իր երկրի էության հետ շաղկապված ոճրագործություններից շեղելու համար, հայտարարել են Արցախի Հանրապետության ԱԺ խմբակցությունները։
Արցախի ԱԺ բոլոր 5 խմբակցությունները համայն հայությանը և տարածաշրջանի երկրներին կոչ են արել միանալ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի և Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի արշավին, որով պահանջել են COP29-ին ընդառաջ՝ Ադրբեջանի բանտերից ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին։
«Մարդկությանը հուզող գլոբալ հարցերի՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի անվան տակ Ադրբեջանի արարքների քողարկումը միայն ու միայն խորացնելու է անվստահության ու անկայունության մթնոլորտը, որն Ադրբեջանի կողմից պարտադրվել է Հարավային Կովկասի տարածաշրջանին 2020թ. 44-օրյա պատերազմի, լիակատար շրջափակման և ցեղասպանության սպառնալիքի ներքո Արցախի Հանրապետության բռնազավթման և ամբողջովին հայաթափելու միջոցով»,- ասված է հայտարարության մեջ։
ԱԺ խմբակցությունները կազմակերպություններին ու անհատներին կոչ են արել Օկամպոյի սկսած արշավին միանալ տեղեկատվական դաշտում, սոցիալական ցանցերում և անհատական հաղորդակցություններով բացահայտել Ադրբեջանի նենգ մտադրություններն ու սթափության կոչ հղել միջազգային հանրությանը:
2023 թվականի դեկտեմբերին Հայաստանն աջակցություն էր հայտնել COP29-ը համաժողովն ընդունելու Ադրբեջանի դիմումին։ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և մի շարք այլ ֆրանսիացի քաղաքական գործիչներ դեմ էին արտահայտվել Բաքվում COP29-ի անցկացմանը։ Հունիսին Գերմանիայի Բոնն քաղաքում բողոքի ցույցեր էին տեղի ունեցել՝ ընդդեմ Ադրբեջանում համաժողովի անցկացման։ Ավելի ուշ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը ՄԱԿ-ին կոչ էր արել համաժողով անցկացնելու կամ այլ երկրում կամ Բոննի COP29-ի քարտուղարության կենտրոնակայանում։
Հունիսի 19-ին Հայաստանի արտգործնախարարությունը նախազգուշացրել էր նոյեմբերին կայանալիք COP29-ից հետո նոր ագրեսիա սկսելու Ադրբեջանի մտադրության մասին։ Հուլիսի 21-ին Բաքուն հայտարարել էր Հայաստանին ՄԱԿ-ի կլիմայի համաժողովին հրավիրելու մասին։
Օգոստոսի 21-ին Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար, Ադրբեջանում COP29-ի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը հայտարարել էր, որ Բաքուն Հայաստանին հրավիրել է COP29-ին մասնակցելու։