Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշել է Երևանի Արաբկիր և Կենտրոն համայնքներում հոսանքի անջատումների քանակի ավելացման պատճառը։
«Արաբկիր և Կենտրոն համայնքներում վերջին 2 ամիսներին հոսանքի անջատումների քանակի ավելացում ունենք, որը պայմանավորված է «Երևանի ՀԷԿ 1»-ում տեղի ունեցած հրդեհով՝ հիմնական էլեկտրասնուցման անջատման պատճառով»,- լրագրողներին ասել է Բաղրամյանը։
Նրա խոսքով՝ խնդիրն առաջիկայում կկարգավորվի, քանի որ այդ ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։ Բաղրամյանը նշել է, որ ՀԷՑ-ի մատնանշած վերջնաժամկետում՝ օգոստոսի 10-ին, խնդիրը չի կարգավորվել, քանի որ անհրաժեշտ սարքավորումներով բեռնատարները հայտնվել էին Լարսի անցակետի հերթում։ ՀԾԿՀ նախագահը տեղեկացրել է, որ այժմ բեռնատարները Հայաստանում են։
Հուլիսի 6-ին ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ հրդեհ է բռնկվել Հրազդանի կիրճում գտնվող Երևանի հիդրոէլեկտրակայանում։ Նա ասել էր, որ հրդեհի պատճառը մալուխի բռնկումն է: ՀԷԿ-ում բռնկված հրդեհի պատճառով Երևանի մի մասը մնացել էր առանց էլեկտրականության։
Հուլիսի 9-ին ՀԷՑ-ը երևանցիներին նախազգուշացրել էր հիդրոէլեկտրակայանում բռնկված հրդեհից հետո հոսանքազրկումների մասին։ Ընկերությունը վստահեցրել էր, որ միջոցներ է ձեռնարկում խնդիրը հնարավորինս արագ կարգավորելու համար։
Հուլիսի 13-ին ՀԷՑ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ ընկերությունը նախատեսում է կարճ ժամկետներում ամբողջությամբ վերացնել «Երևանի ՀԷԿ 1»-ում տեղի ունեցած հրդեհի հետևանքները։
Մանրամասները՝ տեսանյութում։