«Հայֆիլմի» և Երևանի 17-րդ թաղամասի տարածքները կփոխանցվեն պետությանը՝ «Ակադեմիական քաղաքի» կառուցման համար։ Որոշումն ընդունվել է կառավարության օգոստոսի 22-ի նիստում։
Երևանի 17-րդ թաղամասը և «Հայֆիլմ»-ի տարածքը ճանաչվել են գերակա հանրային շահ։ Դրա համար հիմք է հանդիսացել կառավարության՝ հունվարին ընդունած որոշումը՝ «Ակադեմիական քաղաքի» շինարարության համար տարածք ընտրելու վերաբերյալ:
Ծրագրի հիմնավորման մեջ նշված է, որ նախատեսվում է պետությանը հանձնել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի, Երևան քաղաքի և Սասունիկ գյուղի վարչական սահմաններում գտնվող մի շարք հողամասեր։
«Այս անհրաժեշտությունն, առաջին հերթին, պայմանավորված է այն հանգամանքով, որ դիտարկվում է «Ակադեմիական քաղաք» ծրագրի որոշ բաղադրիչներ ներդրումային ծրագրի միջոցով իրականացնելու հնարավորությունը։ Ծրագրի իրականացման այս փուլում հիմնական տեղամասի սահմաններում ընդգրկված հողամասերի փոխանցումը ՀՀ-ին ավելի նպատակահարմար է՝ ծրագրի գույքի արդյունավետ կառավարում իրականացնելու համար»,- նշվում է փաստաթղթում։
2022 թվականի սեպտեմբերի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր կրթության ոլորտում բարեփոխումների մասին, որոնց շրջանակում պետական ամբողջական ֆինանսավորմամբ Հայաստանում կստեղծվեն ութ գիտահետազոտական համալսարաններ և կկառուցվի «Ակադեմիական քաղաք», որտեղ դրանք կտեղակայվեն։ Մարտի 16-ին Փաշինյանը հայտարարել էր, որ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանում ոչ մի բուհ չի գործելու նորաստեղծ «Ակադեմիական քաղաքից» դուրս։