Ամերիկայի Գլենդել քաղաքում սեպտեմբերի 4-8-ը կանցկացվի Հայկական ֆիլմերի երկրորդ փառատոնը, հայտնում է Armenian Film Society-ն։
Փառատոնին ԱՄՆ-ում առաջին անգամ կցուցադրվի կանադացի հայազգի ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Յոթ շղարշ» ֆիլմը՝ «Օսկարի» հավակնորդ Ամանդա Սեյֆրիդի գլխավոր դերակատարմամբ։ Մեկ այլ պրեմիերա է «Սահմանների միջև» ֆիլմը, որը պատմում է բաքվեցի հայ ամուսինների՝ Իվան և Վիոլետա Պետրոսյանների մասին, ովքեր 1980-ականներին լքել են քաղաքը և բախվել խտրականության՝ տեղափոխվելով Ռուսաստան և ԱՄՆ։
Փառատոնի ծրագրում են ընդգրկվել նաև կարճամետրաժ ֆիլմեր, այդ թվում՝ «Արմատ», «Անգլուխ ձիավոր», «Կորուսյալ սարեր», «2153 տարի, կեսգիշեր», «Ձու» և «Նվարդն այսօր չի՞ գա»։ Բացի այդ, կցուցադրվեն Արցախի մասին վավերագրական ֆիլմեր՝ Ալեքսիս Պազումյանի «Սև այգի», Էմիլի Մկրտչյանի «Լինում է, չի լինում» և Շողակաթ Վարդանյանի «1489թ.» ֆիլմերը։
Սեպտեմբերի 7-ին տեղի կունենա հանդիպում պրոդյուսեր Անահիտ Նազարյանի հետ, որը կվարի «Էմմի» մրցանակի դափնեկիր Մայքլ Գյուրջյանը։ Փառատոնը տեղի կունենա Արցախի պողոտայի LOOK կինոթատրոններում։ Ֆիլմի տոմսերի արժեքներն սկսվում են 20 դոլարից, իսկ ծրագրի բոլոր միջոցառումների ամբողջական մուտքն արժե 200 դոլար:
Հայկական ֆիլմերի առաջին փառատոնը Լոս Անջելեսում տեղի էր ունեցել 2023 թվականի սեպտեմբերին, որին մասնակցել էր ավելի քան 1500 մասնակից ամբողջ աշխարհից։ Այն նվիրված էր հայկական կինոյի հարյուրամյակին։
Գազայում առնվազն 70 պաղեստինցի է զոհվել իսրայելական բանակի հարվածներից
Գազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում առնվազն 70 պաղեստինցի է զոհվել շրջափակված անկլավի վրա իսրայելական բանակի հարվածների հետևանքով, հայտնել է...