Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ Կոնգրեսում միջոցառում կկազմակերպի՝ նվիրված Արցախի հայաթափման առաջին տարելիցին, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
Նշվում է, որ միջոցառման ընթացքում շեշտը դրվելու է 2020-2023 թվականներին Արցախի ցեղասպանության համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելուն։ Հանձնախումբը կոչ է արել համաշխարհային մանդատի և միջազգային պաշտպանության ներքո ապահովել բնիկ հայերի վերադարձն Արցախ։
«Մենք ամբողջ Ամերիկայից հավաքվելու ենք Վաշինգտոնում՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար՝ Ադրբեջանին ռազմական օգնության կանոնադրական արգելքի և Ալիևի ցեղասպան ռեժիմի դեմ պատժամիջոցների կիրառման միջոցով»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Ըստ հանձնածմբի՝ միջոցառման ընթացքում կներկայացվեն ԱՄՆ սենատորների և ներկայացուցիչների պալատի պատգամավորների ելույթները, որոնք կընդգծեն ԱՄՆ ղեկավարության քայլերի կարևորությունն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, արցախցի ցեղասպանությունը վերապրածներին օգնություն տրամադրելու և Արցախ հայերի անվտանգ վերադարձի քարոզչության գործում:
Ելույթներից բացի կկայանա լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի լուսանկարների ցուցահանդես, որը կներկայացնի 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի և Հայաստանի դեմ իրականացված վայրագությունները, ինչպես նաև 2023 թվականի Արցախի ավերիչ շրջափակումը, որը հանգեցրել էր հայ բնակչության բռնի գաղթի։
Հանձնախումբը նաև հիշեցնում է, որ Ադրբեջանը շարունակում է խախտել Արդարադատության միջազգային դատարանի որոշումները՝ կանխելու գերեվարված հայերի նկատմամբ վատ վերաբերմունքը և հայկական մշակութային ժառանգության պահպանելու մասին։ Բացի այդ, Ալիևի ռեժիմը շարունակում է կալանավորած պահել առնվազն 23 հայ ռազմագերիների և քաղաքացիական գերիների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի իշխանության նախկին ներկայացուցիչներին, որոնք կալանքի տակ ենթարկվում են խոշտանգումների և բռնությունների:
Օգոստոսի 15-ին Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը վերահաստատել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և նախկին փոխնախագահ Մայքլ Փենսի վարչակազմին տրված ձախողման գնահատականը՝ Արցախի բնիկ հայերի վրա Ադրբեջանի կողմից հարձակմանն օգնելու, աջակցելու համար։
Հունիսի 28-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ան Էշուն և Քրիս Սմիթն Արցախում իրականացված էթնիկ զտումը դատապարտող և ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու երկկուսակցական բանաձևի նախագիծ էին ներկայացրել։