Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակությանը դեմ քվեարկած խորհրդարանականներին Բաքուն Ադրբեջանի «անցանկալի անձանց» ցուցակում է ընդգրկել, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։
Ադրբեջանի ԱԳՆ-ի որոշումը կապված է Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Շվաբեի՝ Ադրբեջանի հասցեին հնչեցրած արտահայտությունների հետ, որը քննադատել էր Ադրբեջանին և երկրի ղեկավարությանը:
Հաջիզադեի խոսքով՝ ցուցակում հայտնված խորհրդարանականների մուտքն Ադրբեջան արգելվել է մինչև ադրբեջանական պատվիրակության մանդատի վերականգնումը:
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը Շվաբեին անվանել է «կողմնակալ, ստախոս և երկերեսանի քաղաքական գործիչ»։
2023-ի հունիսի 3-7-ն Ադրբեջանում գտնվող Մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողներին թույլ չէին տվել այցելել քաղբանտարկյալներին: 2024-ի հունվարի 22-ին ԵԽԽՎ-ում հայտարարել էին, որ վիճարկել են Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, նման որոշման պատճառ էր դարձել Բաքվի կողմից կազմակերպության շրջանակում ունեցած պարտավորությունները չկատարելը։ Շվաբեն ԵԽԽՎ որոշումը կապել էր 2023-ին սեպտեմբերյան ռազմական գործողությունների ընթացքում Արցախից հայերի բռնի տեղահանման, Ադրբեջանում քաղբանտարկյալների մեծ թվի հետ։ 2024-ի հունվարին Ադրբեջանը դադարեցրել էր համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ։