Թեհրանում իսրայելական ռեժիմի ահաբեկչական գործողության պատասխանն անխուսափելի է, IRNA-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Թեհրանում իսրայելական ռեժիմի ահաբեկչական գործողության պատասխանն անխուսափելի է։ Արձագանքը կլինի ճշգրիտ և հաշվարկված: Ի տարբերություն իսրայելական ռեժիմի՝ Իրանը չի ձգտում լարվածության սրման, թեև չի վախենում դրանից»,- հայտարարել է իրանցի դիվանագետը։
Նախարարը նաև անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ ունեցած հեռախոսազրույցներին։
«Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորանքներ են հայտնել։ Կովկասյան տարածաշրջանն Իրանի համար աշխարհաքաղաքական և ռազմավարական կարևոր նշանակություն ունի։ Պատմական, մշակութային և աշխարհագրական հարևանությունը կրկնապատկել է տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների ընդլայնման կարևորությունը»,- եզրափակել է նա։
Օգոստոսի 23-ին Միրզոյանն Արաղչիի հետ հեռախոսազրույցում բարձր էր գնահատել ՀՀ տարածքային ամբողջականության առնչությամբ Իրանի դիրքորոշումը։
Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրադրությունն ավելի էր սրվել հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Հանիայի մահից հետո Գազայի հատվածում պաղեստինյան շարժման առաջնորդ Յահյա Սինվարը նշանակվել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար։
Իսրայելի ԱԳՆ-ն օգոստոսի 15-ին Հայաստանի և Իրանի հետ սահմանակից մի շարք այլ պետություններում իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել «առավելագույն զգոնություն և զգուշություն» ցուցաբերել։