Հայաստանում՝ Եղվարդի տարածքում, նախատեսվում է կանգնեցնել կաթոլիկ եկեղեցու սուրբ, նշանավոր վանական Սուրբ Շարբելի արձանը, հայտնում է «Արևելք» պարբերականը։
«Սուրբ Շարբելի արձանի բացումը նախատեսված է սեպտեմբերի 22-ին: Ցամաքային փոխադրումը տևել է 7 օր: Տասը մետրանոց արձանը տեղադրվելու է Եղվարդի շրջանում և այն լինելու է Կովկասում Սուրբ Շարբելի առաջին ուխտավայրը»,- գրում է պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Ըստ կայքի՝ արձանի տեղադրման շուրջ սոցիալական ցանցերում քննարկումներ են ընթանում. շատերը տարակուսում են, թե ի՞նչ կապ ունի լիբանանյան ծագումով մարոնի սուրբը Հայաստանի հետ և ո՞վ է նրա արձանի տեղադրման նախաձեռնության հեղինակը:
«Հայաստանում Սուրբ Շարբելի ուխտավայր հիմնելու նախաձեռնությունը լիբանանյան «Գարդենիա Լեբնիզ ֆարմսի» ընկերության հիմնադիր Նիկոլաս Աբու Ֆայսալինն է, որը Հայաստանում ներդրումային խոշոր ծրագիր է իրականացնում»,- հայտնում է ԶԼՄ-ն:
Նշվում է, որ գործարարն արձանը պատվիրել է լիբանանցի նշանավոր քանդակագործ Ջորջ Մախլուֆի արհեստանոցում, այն պատրաստված է ապակեպլաստիկից, խեժից և այլ նյութերից:
«Արևելք»-ի տեղեկություններով՝ Սուրբ Շարբելի բազմաթիվ ուխտավայրեր կան Լիբանանում, Վատիկանում և կաթոլիկ հավատքի այլ բնակավայրերում:
«Սուրբ Շարբելի սրբատեղիները ուխտավայրեր են դառնում ոչ միայն կաթոլիկների, այլև մյուս դավանանքների տեր հավատացյալների համար: Ուխտավայրերում կարելի է հանդիպել նույնիսկ իսլամադավանների, որոնք հավատում են Սուրբ Շարբելի հրաշագործություններին և ուխտի գնում նրա անվան սրբավայրեր»,- գրում է լրատվամիջոցը:
Լիբանանցի մի խումբ գործարարներ որոշել են համակաթոլիկյան պաշտամունքի արժանացած սրբի արձանը տեղադրել նաև Հայաստանում և հանդես են եկել նախաձեռնությամբ։ Նշվում է, որ նախաձեռնությունը ողջունել են Հայաստանում կաթողիկե եկեղեցին և Լիբանանի մարոնիական ղեկավարությունը, ընտրվել և օրհնվել է վայրը, նրանց հովանավորությամբ էլ կատարվելու է արձանի և դրան կից ուխտավայրի բացումը: