Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով 2 անձ է ձերբակալվել, տեղեկացնում է Քննչական կոմիտեն՝ ներկայացնելով դեպքի մանրամասները։
Մասնավորապես, օգոստոսի 15-ին ՀՀ ՆԳՆ աշխատակիցները Երևան քաղաքի Աճառյան փողոցում թմրամիջոց և զենք պահելու կասկածանքով ոստիկանության բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 29-ամյա երիտասարդի, ում մոտ առկա էին տարբեր տեսակի թմրամիջոցներ և գազային ատրճանակ:
ՔԿ-ն հայտնում է, որ նշված անձը ձերբակալվել է։ Ըստ գերատեսչության՝ քննությամբ պարզվել է, որ վերջինս թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել Երևանի մեկ այլ բնակչի հետ: Օգոստոսի 16-ին ձերբակալվել է նաև 29-ամյա տղամարդու վերոհիշյալ ծանոթը, որի բնակության հասցեում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է 97 զիփ փաթեթ։
«Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող այլ անձանց առկայությունը, թմրամիջոցների, ինչպես նաև զենքի ձեռք բերման աղբյուրները պարզելու ուղղությամբ»,- տեղեկացնում է ՔԿ-ն:
Գերատեսչության տվյալներով՝ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ: