Հայաստանի և Արցախի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները տեսակապով զրուցել են իրավունքի դոկտոր, Միջազգային քրեական դատարանի դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։ Վերջինս հայտնել է, թե ինչ իրավաքաղաքական գործիքներ կան պայքարելու արցախցիների իրավունքների համար, փոխանցել է «Ապառաժ»-ը։
Նա արցախցիներին խորհուրդ է տվել իրենց իրավունքների պաշտպանության հարցում ավելի ակտիվ լինել։ Ըստ լրատվականի՝ Օկամպոն կարևորել է պետություն չունեցող ժողովուրդների իրավական պաշտպանության հարցում ՄԱԿ-ի Ցեղասպանության մասին կոնվենցիայի դերը՝ որպես իրավական կարևոր գործիք։
Ըստ պրոֆեսորի՝ շատ կարևոր է, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համատեքստում բարձրաձայնվի գերիների հարցը ու ի ցույց դրվի, որ Ադրբեջանն անմեղ մարդկանց իր բանտերում գերի է պահում։
Հանդիպմանը խոսվել է նաև այն մասին, որ աշխարհը ճանաչել է 1915 թվականի ցեղասպանությունը, սակայն դա որևէ հետևանք չի ունեցել։
«Աշխարհը հիմա շատ տարբեր է․ այն ժամանակ չկար ՄԱԿ-ի քրեական դատարանը, չկային սոցիալական մեդիան, սփյուռքը և այլն։ Եվ շատ բան կախված է նրանից, թե հայերը որքան ցանկություն կունենան պայքարելու»,- ասել է Օկամպոն։
Ըստ նրա՝ ինչքան էլ Ադրբեջանը հակառակն է պնդում, արցախցիները հողի սեփականատերերն են։