Դիլիջանում օգոստոսի 26-ին մեկնարկած արտերկրում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտրության առաջ է կանգնեցրել դեսպաններին, հայտնում է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ Փաշինյանը ներկայացրել է աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումների իր տեսլականը և Հայաստանին սպասվող մարտահրավերները և զգուշացրել իր որոշումներին ընդդիմանալու հետևանքների մասին։
Վարչապետն ուղիղ տեքստով ասել է, որ բարդ փուլ է սպասվում, Հայաստանի առջև լուրջ մարտահրավերներ են ծառացել, հետևաբար երբեմն ոչ ստանդարտ լուծումների են գնալու։
Փաշինյանը նաև շեշտել է, որ նրանք, ովքեր «հավատավոր զինվորի» պես չեն կատարի քաղաքական իշխանության հրահանգները և չեն առաջնորդվի իրենց որդեգրած քաղաքականությամբ, կարող են դիմում գրել և հեռանալ, գրել է թերթը։
Լրատվականի աղբյուրը չի բացառել, որ առաջիկայում որոշ դեսպանների փոփոխություն լինի՝ ոմանք ինքնակամ կհեռանան, ոմանց Փաշինյանը կփոխի։