«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում օգոստոսի 26-ին մահացել է ցմահ դապարտյալ Ա․ Կ․-ն, Armenia Today-ին հայտնել է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Tert.am-ը գրել էր, որ մահացածը «Հոկտեմբերի 27-ի» գործով ցմահ դատապարտյալ Աշոտ Կնյազյանն է։
««Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժ կրող ցմահ ազատազրկման դատապարտված, 1959 թվականին ծնված Ա․ Կ․-ի ինքնազգացողության վատթարացման պատճառով օգոստոսի 26-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, կանչվել է շտապօգնություն։ Ժամը 19։35-ի սահմաններում շտապօգնության անձնակազմի կողմից արձանագրվել է նրա կենսաբանական մահը»,- մանրամասնել է Նավիկյանը։
1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում ահաբեկչության հետևանքով զոհվել էին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը։ Ահաբեկչական խումբը պատանդ էր վերցրել 91 մարդու, որոնց թվում հիմնականում պատգամավորներ էին։
Ահաբեկիչների դատավճիռը հրապարակվել էր 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի ժամանակ։ Վեց դատապարտյալ, այդ թվում` նրանց ղեկավար Նաիրի Հունանյանը, վերջինիս եղբայր Կարեն Հունանյանը, նրա մորեղբայրը՝ Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Կնյազյանը դատապարտվել էին ցմահ ազատազրկման: Գործով մեղադրյալ Համլետ Ստեփանյանը դատապարտվել էր 14 տարվա ազատազրկման: