Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել օրենքի խախտումներով, լրագրողներին հայտնել է Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը։
Պաշտպանը մանրասնել է, որ Թովմասյանին մեղադրանք են առաջադրել օպերատիվ անանուն տեղեկությունների հիման վրա, ինչն արգելված է։ Պաշտպանը տեղեկացրել է, որ օգոստոսի 28-ի դատական նիստին բացարկի միջնորդություն է հայտնել գործով դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։
«Բացարկի հիմքերից մեկը թաքնված օրակարգերն են»,- հավելել է պաշտպանը՝ անդրադառնալով 168․am-ի տեղեկություններին, ըստ որի «ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը որոշել է Թովմասյանի գործի՝ իր համար ցանկալի լուծումն ստանալ Տաթևիկ Գրիգորյանին պաշտոնի առաջարկ անելով»։
Օգոստոսի 9-ին դատախազի գլխավոր խորհրդական Լուսինե Մարտիրոսյանն Armenia Today-ին հայտնել էր, որ դատախազությունը պահանջում է ՍԴ նախկին նախագահին դատապարտել 7 տարվա ազատազրկման։
Թովմասյանը մեղադրվում է 2003 թվականի ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, առավելագույն պատիժնն ազատազրկում՝ 3 տարի ժամկետով)։ Նրան առաջադրված մեղադրանքի մեջ նշվում է, որ նա 2019թ․ դեկտեմբերի 17-ից մինչև 2014թ․ ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը՝ նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, խոչընդոտել է նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատւթյան նախարարության, նոտարների իրավունքներին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։
Նույն գործով մեղադրանք է առաջադրվել նաև Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին։ Դատախազությունը մեղադրական եզրակացությունը դատարան էր ուղարկել 2020թ․ մարտին։