Բաքուն հասկանում է, որ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակի պահպանումը մեր երկրների սուրբ պարտականությունն է,
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել Ադրբեջանի կողմից ԽՍՀՄ հերոս Ծովակալ Իսակովի հուշարձանի ոչնչացումը։
«Մենք կոչ ենք արել, այժմ էլ կոչ ենք անում և հաստատում ենք, որ Հայրենական մեծ պատերազմի մշակութային-պատմական ժառանգության օբյեկտների պահպանման թեման հայ-ադրբեջանական կարգավորման բանակցային օրակարգում ընդգրկելու ուղղությամբ կաշխատենք երկու կողմի հետ։ Այդ թեման պարբերաբար քննարկվում է և՛ Մոսկվայի, և՛ Երևանի, և՛ Բաքվի կողմից»,- հավաստիացրել է ռուս դիվանագետը:
Զախարովան նշել է, որ Մոսկվան իր սկզբունքային դիրքորոշումն է հայտնել խորհրդային զինվորների հուշարձանների ոչնչացման անթույլատրելիության մասին, որտեղ էլ դա տեղի ունենա։
Փետրվարի 17-ին Monument watch-ը հայտնել էր, որ ադրբեջանցիներն օկուպացված Ստեփանակերտում ապամոնտաժել էին ծովակալ Իվան (Հովհաննես) Իսակովի կիսանդրին։ Իսակովը Խորհրդային միության նավատորմի հայազգի ծովակալ էր, Խորհրդային միության հերոս, ռազմական տեսաբան: Կիսանդրու հեղինակը քանդակագործ Ալբերտ Հարությունյանն է, այն տեղադրվել էր 2018 թվականին։