Հայաստանում կանցկացվի Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունը, հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։ Առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 18-24-ը։
Նշվում է, որ առաջնությանը մասնակցելու է ավելի քան 40 պետություն` շուրջ 400 մարզիկով: Կառավարությունը միջոցառման համար հատկացրել է 476 մլն 241 հազար դրամ։
ԿԳՄՆՍ-ն հավելում է, որ ռազմական սպորտի միջազգային խորհուրդը զինվորականների 2024թ. ըմբշամարտի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Հայաստանի Հանրապետությանն է վերապահել՝ հաշվի առնելով ՀՀ զինծառայողների հաջողությունները, ինչպես նաև Հայաստանում ըմբշամարտի ավանդույթները և զարգացման ուղիները:
ՀՀ պաշտպանության նախարարությունը 1995 թվականից հանդիսանում է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի (CISM) անդամ, որը Միջազգային օլիմպիական կոմիտեից (ՄՕԿ) հետո հանդիսանում է աշխարհի ամենամեծ մարզական կազմակերպությունը: ՀՀ ՊՆ զինծառայողները, 2014 թվականից մասնակցելով այս կառույցի տարբեր առաջնությունների և խաղերի, զբաղեցրել են բազմաթիվ մրցանակային տեղեր:
Օգոստոսի 26-ին ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ՀՀ դրոշն աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում բարձր պահած, հայրենիք մեդալներով վերադարձած 10 մարզիկ համալրել է ՀՀ ԶՈւ շարքերը՝ պարտադիր ժամկետային ծառայության անցնելով մարզական վաշտում։ Նրանք կմասնակցեն ՀՀ-ում անցկացվող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի առաջնությանը։ Բանակ զորակոչված մարզիկների թվում են աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ Վազգեն Թևանյանը և Արման Անդրեասյանը, ինչպես նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Մալխաս Ամոյանը։