Չեխիայի Պլզեն քաղաքում ընթացող հրաձգության Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ մարզիկներ Գոռ Խաչատրյանը և Մարի Ղազարյանը դարձել են բրոնզե մեդալակիր, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
10 մետր վազող թիրախ մրցաձևի երիտասարդ տղաների պայքարում Խաչատրյանը 567 միավոր արդյունքով առաջին հորիզոնականով դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ 2:6 հաշվով պարտվել է, իսկ արդեն «բրոնզե եզրափակչում» 6:3 հաշվով հաղթել է Ֆինլանդիայի ներկայացուցչին։
Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Ղազարյանը 519 միավոր արդյունքով, 4-րդ տեղով, դուրս է եկել կիսաեզրափակիչ և բարելավելով արդյունքը՝ կանգնել պատվո հարթակի 3-րդ աստիճանին։ Հայ հրաձիգը կիսաեզրափակչում 6:8 հաշվով պարտվել է, իսկ բրոնզե մեդալի համար եզրափակչում 7:5 հաշվով հաղթել է ուկրաինացի մրցակցին։
Հրաձիգներ Գոռ Խաչատրյան, Հայկ Մինասյան և Համլետ Կարենյան եռյակը 1618 միավորով դարձել էր առաջնության փոխչեմպիոն։ Նույն մրցաձևի աղջիկների պայքարում Մարի Ղազարյան, Անահիտ Սարգսյան և Աիդա Ազատյան եռյակը 1510 միավորով նվաճել էր բրոնզե մեդալ։
Օգոստոսի 28-ին Հայաստանի հրաձգության հավաքականի ներկայացուցիչ Գոհար Հարությունյանը դարձել էր մարզաձևի Եվրոպայի չեմպիոն։
Առաջնությունը մեկնարկել է օգոստոսի 26-ին և կանցկացվի մինչև սեպտեմբերի 4-ը։