Հայաստանի «Հանրապետական» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) համաձայն չէ «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը մասնավորեցնելու կառավարության որոշման հետ և հայտարարել է, որ ուզում են խլել իր սեփականությունը։ «Հրապարակ» օրաթերթին նա այդպես է մեկնաբանել օգոստոսի 29-ի նիստում կառավարության որոշումը, ըստ որի՝ մարզահամալիրի բաժնետոմսերը մասնավորեցնելու որոշում է ընդունվել։
Թերթը գրել է, որ «Հրազդան մարզահամալիրը» 2000-ականներից վարձակալել էր Աղաբաբյանը, իսկ 2004 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ՝ ուղղակի վաճառքի ձևով այն օտարվել է վարձակալին:
Աղաբաբյանը պնդում է, որ մարզահամալիրն իր սեփականությունն է, ինքը ոչ մեկին չի վաճառել և տեղյակ չէ, թե ինչի մասին է կառավարության որոշումը, հավելել է թերթը։
«Ուզում են խլե՞լ, ուզում եմ հասկանալ` ի՞նչ հիմքով են մասնավորեցնում։ Եթե ես 30 տարի ամսական 40 միլիոն հարկ եմ վճարել, տարեկան՝ համարյա 600 միլիոն, ինչպե՞ս են սեփականացնում»,- թերթին ասել է նախկին պատգմավորը։
Աղաբաբյանը նշել է, որ դեռ չգիտի, թե ինչ քայլերի կդիմի։ «Ի՞նչ կարող եմ անել, կառավարությունն ինչ ուզում՝ անում է։ Ո՞նց կլինի՝ խլեն մարդու սեփականությունը»,- հավելել է նա։
2024-ի փետրվարին դատախազությունը հայտնել էր, որ 2021 թվականին մարզադաշտը «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲ ընկերությանն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով․ ըստ դատախազության՝ այն շուրջ16 մլրդ 127 մլն 253 հազար դրամ շուկայական արժեք է ունեցել, բայց վաճառել է 87 մլն 520 հազար դրամով։ Այս հիմքով դատախազի հաղորդման հիման վրա Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ էր նախաձեռնվել։