Լոնդոնի բնակիչն իր ավտոտնակում պատահաբար գտել է Սալվադոր Դալիի փորագրանկարների հավաքածուն, հայտնել է Hansons աճուրդի տունը։
Իսպանացի նկարչի աշխատանքներն այնտեղ պահպանվել են կես դար, հավելել է աղբյուրը։ Տան տերը հավաքածուն հայտնաբերել է ավտոտնակը մաքրելիս։ Բացի Դալիի աշխատանքներից, որոնք հիմնականում դիցաբանական և այլաբանական տեսարանների միաձուլում են, նա գտել է նաև ֆրանսիացի նկարիչ Թեո Տոբիասի հինգ վիմագրություն։
Հնաոճ իրերի փորձագետ և Լոնդոնի Hansons աճուրդի տան փոխտնօրեն Քրիս Քրքհեմը գտածոն «զարմանալի» և «սյուրռեալիստական» է անվանել։ Նա հավելել է, որ արվեստի գործերը գնել են 1970-ական թվականներին՝ Լոնդոնի պատկերասրահի վաճառքի ժամանակ։ Ամբողջ հավաքածուն գնորդը ձեռք է բերել 600 դոլարով:
«Տան նախորդ սեփականատերը ծրագրել էր շրջանակել փորագրությունները և դրանցով զարդարել իր տունը, սակայն այդպես չի արել և գործերն ուղղակի թաքցրել է ավտոտնակում: Ամբողջ հավաքածուն աճուրդի կհանեն սեպտեմբերի 30-ին: Այն կարող է վաճառվել մոտ 5 հազար դոլարով»,- ասված է հրապարակման մեջ։