Հայաստանը շահագրգռված չէ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրով, տարածաշրջանում կայուն խաղաղության ձեռքբերմամբ, ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ալիևը վերահաստատել է Հայաստանի սահմանադրությունը փոխելու Բաքվի կողմից դիտարկվող անհրաժեշտության մասին։ Ադրբեջանի նախագահը նաև կողմ է արտահայտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա հետ կապված ինստիտուտների լուծարմանը։ Նա նշել է, որ «զարմացած է ԵԱՀԿ ՄԽ-ի հարցում Հայաստանի դիրքորոշումից, քանի որ չի հասկանում, թե ինչ անհրաժեշտություն կա ԵԱՀԿ ՄԽ-ի գոյությանը, երբ հակամարտությունը մնացել է անցյալում, իսկ ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»։
Տարածաշրջանում կայուն խաղաղության ձեռքբերմամբ շահագրգռված չլինելու ՀՀ-ին ուղղված մեղադրանքն Ալիևը պայմանավորել է ՀՀ-ի կողմից սպառազինություն գնելու հետ։
«Հայաստանը գիտակցաբար ձգձգում է ժամանակը, Ֆրանսիայից և արևմտյան այլ երկրներից նոր սպառազինություն է գնում, ինչպես նաև երրորդ կողմերի հետ իր տարածքում զորավարժություններ է անցկացնում»,- ասել է նա։
Հուլիսի 20-ին Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի 80-90%-ն արդեն համաձայնեցված է։ Նա ընդգծել էր, որ Երևանը պետք է արձագանքի համաձայնագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին և համատեղ դիմի ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։
Հունիսի 12-ին Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի տեքստն իր վերջնական փուլում է, ինչը թույլ է տալիս մոտ ապագայում խաղաղություն կնքել Բաքվի հետ։ Փաշինյանը հայտնել էր, որ կնքման համար վերջին քայլերն են մնացել, սակայն չէր պարզաբանել, թե համաձայնագրի ո՞ր դրույթներն են քննարկվում և որոնք պետք է վերջնական տեսքի բերվեն։
Հունիսի 6-ին Ալիևն անդրադարձել էր Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ անհնար է խաղաղության պայմանագիր կնքել, եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի։ Նույն օրն Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն Երևանին առաջարկել է համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։