Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայության ոլորտում ուժի մեջ մտնող նոր կարգավորումներին ընդառաջ մի քանի տնտեսվարողներ ներկայացրել են շուրջ 1000 անձանց վերաբերյալ տեղեկատվություն, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։
Ըստ ՊԵԿ-ի՝ տվյալները փոխանցվել են ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառելու նպատակով։
«Որոշ հարթակների կողմից նաև գեներացվել են տաքսի ծառայությունների մատուցման փորձնական էլեկտրոնային ՀԴՄ կտրոններ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կոմիտեն հավելում է, որ անհատ տաքսի վարորդների համար ՊԵԿ-ի կողմից մշակված համակարգի բջջային հավելվածները ներկայացվել են Apple և Google կազմակերպություններին՝ App Store-ում և Play Store-ում հավելվածները տեղադրելու և կիրառողներին հասանելի դարձնելու նպատակով։
Կառավարությունն օգոստոսի 22-ի նիստում ընդունել էր ՊԵԿ-ի նախագիծը, որով անհատ տաքսու վարորդներն ուղևորափոխադրման արժեքի 1,5-2%-ի չափով հարկ են վճարելու։ Կանխիկ գործարքի դեպքում վճարը կկազմի 2%, իսկ անկանխիկի դեպքում՝ 1,5%: Այսինքն՝ 1000 դրամի դեպքում վարորդը կվճարի 20 կամ 15 դրամ հարկ։ 2025 թվականի հունվարի 1-ից այդ դրույքներ կլինեն համապատասխանաբար 3,5 և 2,5%, 2026 թվականի հունվարի 1-ից՝ 5 և 4%։