Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ տեղյակ չէ 070 ծածկագրով անձնագրեր ունեցող արցախցիների՝ արտասահմանյան երկրներ մուտքի արտոնագրի համար դիմելու խնդիրներին։ Այս մասին նա հայտարարել է Armenia Today-ի հարցին ի պատասխան։
Ավելի վաղ Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել էր, որ արցախյան 070 կոդով անձնագրեր ունեցող քաղաքացիներին շենգենյան վիզաներ չեն տրամադրում։ Ըստ նրա՝ տարվա սկզբին այդ խնդիրը չկար, առաջին դեպքերն արձանագրվել են մարտ-ապրիլ ամիսներին։
«Ինչ վերաբերում է 070 կոդով անձնագրերի հետ կապված հարցին, ես անկեղծ պիտի ասեմ, որ առաջին անգամ եմ լսում, չեմ կարող որևէ ձևով արձագանքել։ Բայց ուզում եմ նաև հիշեցնել, որ մեր կոչն է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր սիրելի քույրերին և եղբայրներին, որ նրանք դիմեն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար»,- ասել է վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ իշխանություններն ուզում են, որ արցախցիները չարտագաղթեն։ Նա այսպես է մեկնաբանել Armenia Today-ի հարցն այն մասին, թե արդյոք վերլուծե՞լ են արցախցիներին Հայաստանում պահելու կառավարության միջոցառումների արդյունավետությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2024 թվականի հուլիսի 1-ը Լեռնային Ղարաբաղում հաշվառված 49 975 մարդ էր մեկնել Հայաստանից, որից 26 571-ը չի վերադարձել, իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը Հայաստանից հեռացել է ավելի քան 21 հազար արցախցի։
Վարչապետի կարծիքով՝ նրանց արտագաղթի պատճառներից մեկն այն է, որ ծնողները չեն ցանկանում, որ իրենց երեխաները ծառայեն ՀՀ զինված ուժերում։
«Արտագաղթողների մի հսկայական մասն այն մարդիկ են, ովքեր չեն ուզում, որ իրենց երեխաները ծառայեն բանակում։ Ինչո՞ւ չեն ուզում։ Որովհետև խաղաղություն չկա։ Խաղաղության օրակարգը նաև դրա համար է»,- ավելացրել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։