Ադրբեջանում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որին մասնակցելու իրավունք ունի 6 421 960 ընտրող, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ քվեարկությունն սկսվել է ժամը 08:00-ին, ավարտվելու է 19։00-ին։ Քվեարկությունից առաջ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովը հայտարարել է, որ ընտրություններն ընդգրկում են 125 ընտրատարածք, ընդհանուր առմամբ՝ 6478 ընտրատեղամաս (6343 մշտական, 135 ժամանակավոր): ԿԸՀ նախագահը տեղեկացրել է, որ ընտրություններին հետևելու համար գրանցվել է 112 749 տեղական, 598 միջազգային դիտորդ։
Ադրբեջանի կողմից օկուպացրած Արցախի տարածքներում գործելու է 54 ընտրական տեղամաս, որից 34-ը՝ մշտական, 20-ը՝ ժամանակավոր:
Հունիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Ադրբեջանի վեցերորդ գումարման Միլի Մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին հրամանագիր էր ստորագրել։
Հունիսի 20-ին Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կոչ էր արել։