Ադրբեջանը 2020-ից սկսած Արցախում ավելի քան 600 մշակութային հուշարձան է վանդալիզմի ենթարկել, Armenia Today-ին Արցախի Հանրապետության օրը հայտնել է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։
Նրա խոսքով՝ 2023-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից և արցախահայության բռնի տեղահանումից հետո՝ վերջին մեկ տարվա ընթացքում, Արցախում վանդալիզմի դեպքերը նախորդ 3 տարիների համեմատ 75%-ով ավելացել են։
«2023 թվականի սեպտեմբերի 19-ից մինչ օրս Ադրբեջանի կողմից Արցախում վանդալիզմի բազմաթիվ դեպքեր են արձանագրվել։ Վերջերս Կովկասյան ժառանգության մշտադիտարկման կազմակերպությունն արձանագրել էր, որ գրեթե մեկ տարում վանդալիզմի դեպքերը 75%-ով աճել են։ Եթե դեպքերն իրար ենք գումարում, բավականին ցավալի փաստեր ենք արձանագրում։ Այդ ցանկում, ցավոք, ամբողջությամբ ոչնչացված բնակավայրեր, հիմնովին ոչնչացված եկեղեցիներ, բազմաթիվ պատմական գերեզմանոցներ են։ Ոնչացված բնակավայրերի թվում են Շուշիի շրջանի Քարին տակ, Հադրութի Խծաբերդ բնակավայրերը։ Ոչնչացվել են Շուշիի պատմական գերեզմանոցները, Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին, Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Ադրբեջանցիները հանել են Վանքասարի եկեղեցու խաչը։ Բազմաթիվ եկեղեցիների պատմական տեսքն աղավաղել են, որոնց թվում է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը»,- թվարկել է Ավանեսովը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը հայկական ժառանգության նկատմամբ պետական մակարդակով է նման քաղաքականություն վարում։
«Ադրբեջանի նպատակը բռնազավթած Արցախում հայկական հետքը հիմնովին ոչնչացնելն է։ Վերջին 4 տարիներին վանդալիզմի ավելի քան 600 դեպքերի թվում և՛ ամբողջովին, և՛ մասնակի ոչնչացված հուշարձաններ են, ինչպես նաև հուշարձաններ, որոնք ներկել են կամ որոնց վրա գրություններ են թողել»,- նշել է նա։
Ավանեսովն ընդգծել է, որ Ադրբեջանն Արցախի իսլամացման քաղաքականություն է վարում։
«Արցախում մզկիթներ կառուցելով՝ Ադրբեջանը հայկական ինքնության հետքը ոչնչացնելու նպատակ ունի։ Սա այն նույն ցեղասպան քաղաքականությունն է, որն Արևմտյան Հայաստանում իրականացրել է Թուրքիան։ Ադրբեջանն առավել դաժանությամբ ոչնչացնում է հանուն հայրենիքի նահատակված մեր հերոսների հիշատակը հավերժացնող համալիրները»,- հավելել է նա։
Անդրադառնալով հայկական ժառանգությունը չոչնչացնելու վերաբերյալ Բաքվին ուղղված միջազգային կոչերին ու Ադրբեջանին զսպելու հնարավորությանը՝ Ավանեսովը նկատել է, որ հայտարարությունները միայն արարողակարգային բնույթ են կրում։
«Ամբողջ խնդիրն այն է, որ իրավական հստակ գործընթաց չկա։ Ադրբեջանին հնարավոր կլինի զսպել միայն այն դեպքում, երբ վանդալիզմի հեղինակների և այդ երկրի դեմ միջազգային իրավական գործընթացներ սկսեն, նրանց պատասխանատվության ենթարկեն ու պատժամիջոցներ կիրառեն։ Քանի որ այս ամենը չկա, հայտարարությունները որևէ զսպող գործոն չեն կարող լինել։ Ավելին՝ օտարերկրյա ներկայացուցիչների ապօրինի այցերը բռնազավթված Արցախ՝ Ադրբեջանի առջև նոր վանդալիզմ իրականացնելու կանաչ լույս են վառում։ Արցախ այցելած օտարերկրյա որոշ պատվիրակություններ Ալիևի ռեժիմի հանցակիցն են դառնում, քանի որ վանդալիզմի դեպքերին հաճախ նախորդում են, այսպես կոչված, միջազգային կոնֆերանսները՝ բռնազավթված Արցախում։ Այն, ինչը ոչնչացնում է Ադրբեջանն Արցախում, միայն հայկական ժառանգությունը չէ։ Ադրբեջանը ոչնչացնում է համաշխարհային քաղաքակրթությունը»,- եզրափակել է հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը։
2024թ․ մայիսին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին։ 2020-ի դեկտեմբերին ոչնչացվել էին Թալիշի և Մատաղիսի հայկական հուշարձանները։ 2021-ին Ադրբեջանի իշխանություններն ավերել էին Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակը, Մակուն կամուրջը, դպրոցներ, հուշարձաններ, Հադրութի շրջանի 18-19-րդ դարերի Սուրբ Սարգիս եկեղեցին, Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը, վնասել Ս․ Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև հայկական գերեզմանոցներ Հադրութի շրջանի Սղնախ և Հին Թաղեր գյուղերում։ 2021-ից մինչև 2023 թվականները քանդել էին Իշխանագետի 1835 թվականի Հալիվոր կամուրջը, պղծել Հադրութի եկեղեցին։ Monument Watch-ը 2024-ի հունվարի 4-ին հայտնել էր նաև Արցախի Քաշաթաղի շրջանում Ադրբեջանի կողմից խաչքար-հուշաղբյուրի ոչնչացման, իսկ հունվարի 17-ին՝ Հաթերքի եղբայրական գերեզմանատան պղծման մասին։
Փետրվարի 22-ին ադրբեջանցիները վանդալիզմի էին ենթարկել Ստեփանակերտի «Անդրանիկ» փողոցում տեղադրված քանդակները։ Փետրվարի 5-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը հանել էր Արցախի Տիգրանակերտի մոտ գտնվող Վանքասարի եկեղեցու խաչը: Փետրվարի 14-ին «Հայքի մշակույթի Օմբուդսմեն» կազմակերպությունն ահազանգել էր, որ Ադրբեջանը հեռացրել էր Ստեփանակերտում տեղադրված գրող Հակոբ Հակոբյանի կիսանդրին: Փետրվարի 17-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմն օկուպացված Ստեփանակերտ քաղաքում հեռացրել էր ադմիրալ Իվան Իսակովի կիսանդրին: Մարտի 14-ին ադրբեջանցիները հեռացրել էին Արցախի Շահումյանի շրջանի Ծար գյուղի խաչքարը։ Մարտի 8-ին քանդել էին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող պատկերաքանդակները։
Մարտի 3-ին օկուպացված Ստեփանակերտից կադրեր էին տարածվել, որոնցում երևում էր, թե ինչպես է Ադրբեջանը քանդում Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գտնվող խորհրդարանի շենքը: Ապրիլի 18-ին հայտնի էր դարձել, որ Ադրբեջանը քանդել է օկուպացված Շուշիում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (ավելի շատ հայտնի է Կանաչ ժամ անունով)։ Ադրբեջանը հողին էր հավասարեցրել Արցախի հերոսական Քարինտակ գյուղը։ Ադրբեջանն ավերել էր Արցախի Մոխրենես գյուղը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Բադալյան