Կորոնավիրուսի համաճարակի հարուցած սոցիալ-տնտեսական բարդությունների պայամաններում առավել կարևորվում են պետության կապիտալ ծախսերի ամբողջական իրականացումը, որոնց միջոցով լուծվում է նաև զբաղվածության խնդիր: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, Ազգային ժողովում Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկուցելիս հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարը հայտնեց, որ այս տարվա բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը ոչ միայն ամբողջությամբ կատարվելու են, այլև մտադիր են մեծացնել դրնց ծավալները:
«Սուբվենցիոն ծրագրերով շուրջ 10 մլրդ դրամ էր նախատեսվում, բայց համայնքներից եկած փաթեթները պահանջում են շուրջ 40 մլրդ դրամի փոխհատուցում», – ասաց նախարարը՝ հավելելով, որ կապիտալ ներդրումների միջոցով հնարավոր է լուծել ճգնաժամի պատճառով Ռուսաստան արտագնա աշխատողների չմեկնած մարդկանց խնդիրը:
Պապիկյանի խոսքով՝ այսօր Հայաստանում կա այնպիսի աշխատուժ, որը նախորդ տարի չկար, այսինքն, այն լավ աշխատուժը, որը գնում էր, մենք հիմա բոլոր հնարավորություններն օգտագործելու ենք, որ այդ մարդկանց մոտիվացնենք՝ կա՛մ իրենց կազմակերպություններով մասնակցեն մրցույթների մեջ, կա՛մ գոյություն ունեցող կազմակերպությունների մեջ ներառվեն:
«Միայն ճանապարհաշինության ոլորտում ունեցել ենք 12 հազար աշխատակից, հիմնականում ժամանակավոր պայմանագրերով աշխատող, ֆիզիկական աշխատանք կատարող մարդիկ են, նրանց աշխատավարձը տատանվել է օրական միջինը 10 հազար դրամ»,- ասաց Պապիկյանը։