Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը ոգևորությամբ է արձագանքել ընտրություններում հաղթելու դեպքում Դոնալդ Թրամփի վարչակազմում իր հնարավոր նշանակման մասին լուրերին, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ըստ լրատվականի՝ Թրամփը մտադիր է ստեղծել կառավարության ծրագրերի աուդիտի համար հատուկ հանձնաժողով, որում իբրև կներառվի Tesla-ի հիմնադիրը։
«Չեմ համբերում, կառավարությունում շատ վատնումներ և անհարկի կարգավորումներ կան, որոնցից պետք է ազատվել»,- գրել է միլիարդատերը։
Հուլիսի 22-ին Մասկը X սոցիալական ցանցում ԱՄՆ փոխնախագահ և Սպիտակ տան ղեկավարի նոր թեկնածու Քամալա Հարիսին անվանել էր հայտնի ամերիկացի ֆինանսիստ Ջորջ Սորոսի որդու՝ Ալեքսանդր Սորոսի «խամաճիկը»։
Հուլիսի 21-ին ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր մրցապայքարից դուրս գալու մասին։ Նա ասել էր, որ կենտրոնանալու է «միայն իր պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում նախագահի պարտականությունները կատարելու վրա»: Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Բայդենին փոխարինող գտնելու անհրաժեշտության մասին սկսել էին խոսել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճում 81-ամյա նախագահի անհաջող ելույթից հետո։ Հուլիսի 17-ին Բայդենը չէր բացառել առողջական խնդիրների դեպքում նախագահական ընտրապայքարից դուրս գալու հնարավորությունը։
CBS-ն հուլիսի 22-ին գրել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը կարող է օգոստոսի 1-ին առաջադրվել Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի նոյեմբերի 5-ին։