Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել հետազոտող և ակտիվիստ Բահրուզ Սամեդովին, ով ձերբակալվել էր օգոստոսի 21-ին՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Բաքվի քաղաքականության վերաբերյալ քննադատական հոդվածներ գրելու համար դավաճանության մեղադրանքով։ Նրան մեղադրել են նաև հայ ակտիվիստների հետ կապեր ունենալու մեջ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
«Լրագրողների և ակտիվիստների հալածանքները ոչ այլ ինչ են, քան այլախոհությունը ճնշելու և խոսքի ազատությունը սահմանափակելու փորձ, հատկապես նրանց, ովքեր Հայաստանի հետ խաղաղության կողմնակից են»,- հայտարարել է Amnesty International-ի Հարավային Կովկասի հարցերով հետազոտող Նատալյա Նոզաձեն:
Կազմակերպությունը հիշեցրել է, որ նույն մեղադրանքով կալանքի տակ է շարունակում մնալ թալիշական փոքրամասնության իրավունքների պաշտպան Իգբալ Աբիլովը, ով նույնպես մեղադրվում է «դավաճանության» մեջ։ Amnesty International-ը նշել է, որ Սամեդովի ընկեր Սամեդ Շիհին օգոստոսի 23-ին ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ հաստատելով ակտիվիստի կապը Հայաստանի քաղաքացիների հետ, ինչը ընկալվել է որպես նրա դեմ ցուցմունք տալ։ Այնուամենայնիվ, Շիհիի որոշ ընկերներ կարծում են, որ նա կարող էր դա գրել ճնշման տակ։
Լրագրողների և ակտիվիստների վերջին ձերբակալությունները տեղի են ունեցել Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին ավարտված արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկշաբաթյա քարոզարշավի ընթացքում, նշել է Նոզաձեն։
«Միջազգային հանրությունը պետք է դա խստորեն դատապարտի: Անցած երկու շաբաթվա ընթացքում՝ քարոզարշավի ժամանակ, կեղծ մեղադրանքներով կալանավորվել է երկու հայտնի հասարակական գործիչ, մյուսները ենթարկվել են սպառնալիքների և ոտնձգությունների»,- հավելել է նա։
2023 թվականի դեկտեմբերի 4-ին The Washington Post-ն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մեղադրել էր անկախ լրատվամիջոցներին ճնշելու մեջ, որոնք բացահայտել են երկրում կոռուպցիայի բարձր մակարդակը։ 2023 թվականի դեկտեմբերի 22-ին ԵՄ-ն Բաքվին մեղադրել էր անկախ լրագրողներին և քաղաքական ակտիվիստներին կամայականորեն կալանավորելու մեջ և կոչ էր արել ազատ արձակել բանտարկված ընդդիմադիրներին։
2023 թվականի դեկտեմբերի 1-ին Freedom House իրավապաշտպան կազմակերպության «Ազատությունն աշխարհում» զեկույցում Ադրբեջանն ստացել էր 9 միավոր 100-ից, իսկ «Անցումային փուլում գտնվող երկրները» զեկույցում՝ 1.07 միավոր 7-ից: Կազմակերպությունն Ադրբեջանը ճանաչել էր որպես «կոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ»։
Այն տեղեկությունները, որոնք իմացանք, մտահոգիչ են. Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայերի շինծու դատավարությունների մասին
Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը Հայաստանի դիվանագիտական օրակարգում է, խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Պատասխանելով Բաքվում Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության...