Հնդկաստանում ջրասուզակները հրաժարվել են փրկել խեղդվող պաշտոնյանին, քանի դեռ վճարում չի կատարվել այդ ծառայության դիմաց, հայտնում է The Times of India-ն։ Սեպտեմբերի 2-ի դրությամբ տղամարդուն չեն գտել։
Ըստ պարբերականի՝ Յուտար Պրադեշ նահանգի Առողջապահության վարչության փոխտնօրեն 45-ամյա Ադիտյա Վարդանա Սինգհան հուլիսի 31-ի կեսօրին ընկերների հետ հանգստանում էր Գանգես գետի մոտ: Լավ կադր ստանալու համար նա ընկերների հետ նավով հեռացել է լողի համար նախատեսված տարածքից։
Լուսանկարվելու ժամանակ տղամարդը սայթաքել է ու ընկել ջուրը։ «Նա լողալ գիտեր, բայց նրան տարել է ուժեղ հոսանքը»,- նշում են փորձագետները։ Որոնողական աշխատանքներին միացել են փրկարարները, ոստիկաններն ու մասնավոր ջրասուզակները։
Միևնույն ժամանակ՝ Ադիտյայի ընկերները պատմել են, որ երբ պաշտոնյան ընկել է գետը, ջրասուզակները հրաժարվել են նրան փրկել մինչև չեն վճարել 10 հազար ռուփի (մոտ 120 դոլար):
Իշխանությունները հայտնել են, որ ջրասուզակները, իբր, գումար են խնդրել նավի վառելիքի դիմաց վճարելու համար: