Սեպտեմբերի 5-ին հրդեհվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի քարշային ենթակայանը, ինչի հետևանքով Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների որոշ հատվածներ հոսանքազրկվել են, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի խոսնակ Նատալյա Սարջանյանը։
Նա տեղեկացրել է, որ հրդեհը բռնկնվել է ժամը 14:06-ին։
««Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող 110 կվ քարշային ենթակայանում բռկված հրդեհի պատճառով անջատվել է ՀԷՑ-ի 110 կվ օդային գիծը, որից սնվում են ընկերության ենթակայանները: Վթարը հանգեցրել է Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների որոշ հատվածների հոսանքազրկման»,- ասված է խոսնակի հայտարարության մեջ։
Սարջանյանը հավելել է, որ հրդեհն արագ մարվել է, բաժանորդների էլեկտրամատակարարումը վերականգնվել է 14:46-ին:
Սեպտեմբերի 4-ին «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ սեպտեմբերի 3-ին Ազգային ժողովում ՀԷՑ-ի թեմայով փակ քննարկում էր տեղի ունեցել։ «Հրապարակն» օգոստոսի 24-ին գրել էր, որ ՔՊ-ն օգոստոսի 22-ին նախաձեռնող խմբի նիստում քննարկել էր էներգետիկայի ոլորտում մենաշնորհը վերացնելու, ՀԷՑ-ի ակտիվները «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանից խլելու հնարավորության և ՀԷՑ-ն ազգայնացնելու ծրագրի մասին։
ՀԷՑ-ի ղեկավարությունը սեպտեմբերի 4-ի ասուլիսում բացառել էր ընկերությունն ազգայնացնելու ծրագրի հնարավորությունը։ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը հավելել էր, որ ընկերության բաժնեմասերի մի մասը կառավարությանը փոխանցելու քննարկում ևս տեղի չի ունեցել։ ՀԷՑ-ի ղեկավարությունը ներկայացրել էր նաև թե՛ կառավարության նիստի, թե՛ Օպերայի և բալետի թատրոնի, թե՛ Աբովյան քաղաքում «Նոա»-«Ռուժոմբերոկ» ֆուտբոլային հանդիպման ժամանակ էլեկտրաէներգիայի անջատման պատճառները։