44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով 2022թ․ ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, եզրակացությունները պատրաստ են և կներկայացվեն Ազգային ժողովին, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Քոչարյանը հավելել է, որ իր ելույթի ինչ-որ հատվածներ հասանելի կլինեն հանրությանը, բայց ոչ ամբողջ ծավալով, քանի որ «այնտեղ կա գաղտնիություն պարունակող տեղեկատվություն՝ հետախուզության, որոշումների կայացման, արտաքին քաղաքական բլոկի հետ կապված»։
Նրա խոսքով՝ «բարենպաստ, հանդարտ գործընթացների պարագայում» հոկտեմբերին՝ որպես Քննիչ հանձնաժողովի նախագահ, կդիմի ԱԺ նախագահին, որպեսզի այդ հարցով նիստ հրավիրվի։
«ԱԺ լիագումար նիստի ընթացքում իմ ելույթի տեքստը հիմնված է լինելու այն փաստերի արձանագրումների, վերլուծությունների գնահատականներ վրա, որոնք, ըստ էության, տարիուկես փաստահավաք աշխատանքներ իրականացնելով, արձանագրել է Քննիչ հանձնաժողովը։ Մի քանի 100 էջից բաղկացած զեկույցը կներկայացվի Ազգային ժողովին, մինչ այդ կորոշվի նրա գաղտնիության կարգավիճակը»,- նշել է նա։
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ պատերազմի պատճառների մասին լուրջ քննություն է իրականացվել, որի ընթացքում ուսումնասիրվել են տասնյակ հազարավոր փաստաթղթեր։ Նրա խոսքով՝ պարտության պատճառները «բազմաբնույթ են ու բազմաշերտ»։
«44-օրյա պատերազմում մեր անհաջողության հիմնական պատճառներից մեկը հետևից եկող պատրաստված ռեզերվ, առաջնագծի կառույցներ չունենալն էր, որոնք հիմա ունենք»,- հավելել է նա։
Անդրադառնալով Հայաստանի պաշտպանական ոլորտում իրականացվող աշխատանքներին՝ Քոչարյանը նշել է, որ «պաշտպանական գերատեսչությունն ամեն օր լուծում է խնդիրներ, որոնք կուտակվել են նախկինից»։
«Աշխատանքները ծավալուն են, բավական է տեսնել ինժեներական կառույցները՝ ամրոցները։ Այդ տասնյակ ամրոցների մեջ ծառայություն է նախատեսված, իսկ որոշ մասում իրականացվում է ծառայություն։ Այս ընթացքում միջդիրքային ճանապարհների ցանց է ստեղծվել, որը հնարավորություն է տալիս արագ հասնել դիրքեր և առաջին օգնություն ցույց տալուց բացի՝ անվտանգային խնդիրներ արագ լուծել։ Կառավարման կետերն են ամբողջությամբ փոխվել, մեր պաշտպանական գերատեսչությունը կադրային լուրջ փոփոխությունների է ենթարկվել»,- ասել է նա։
Հանձնաժողովի լիազորությունների ժամկետն առաջին անգամ երկարաձգվել էր 2022 թվականի հոկտեմբերի 5-ին՝ երկրորդ անգամ՝ մայիսի 2-ին՝ 6-ական ամիս ժամկետով։