ՀՀ օրգանական և դեղագործական քիմիայի գիտահետազոտական կենտրոնի հարակից տարածքում իրականացվող շինարարությունը Երևանի քաղաքապետարանի միջնորդությամբ ժամանակավորապես դադարեցվել է՝ մինչև գործի հետ կապված հանգամանքների հետագա պարզաբանումը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից իրավախախտում իրականացրած ընկերության նկատմամբ արձանագրություն է կազմվել»,- գրել է Կոստանյանը։
Որոշումը կայացվել է ինստիտուտի շենքի հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման դեմ Ազատության պողոտան կարճ ժամանակով փակած կենտրոնի աշխատակիցների՝ սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո:
Հիշեցնենք, որ ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները 2022-ին ևս բողոքի ակցիա էին իրականացրել կառավարության շենքի դիմաց։ Այդ ժամանակ նրանք հայտնել էին, որ ջրավազանի տարածքը տասնյակ տարիներ առաջ օտարվել է ապօրինություններով, ինչը պարզել էր նաև Քննչական կոմիտեն, սակայն, վաղեմության ժամկետի հիմքով գործը կարճվել էր: Ավելի վաղ նրանք նշել էին, որ տարածքը ձեռքից ձեռք վաճառվել էր, և 2019-ին այն ձեռք էր բերել «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը:
Ընկերության մամուլի խոսնակ Նարեկ Մանուկյանը 2022-ին Armenia Today-ի հետ զրույցում նշել էր, որ իրենք կառուցում են էներգախնայող, էկոարդյունավետ և բազմաֆունկցիոնալ համալիր։ Ընկերության ներկայացուցիչն ապատեղեկատվություն էր համարել ակցիայի մասնակիցների այն հայտարարությունը, թե համալիրը լինելու է իրենց տարածքից 20 մետր հեռավորության վրա։