Երևանում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարվել է մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ գործընթացի նպատակն է աջակցել Հայաստանին՝ սահմանելու առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ դեպի ԵՄ երկրներ կարճաժամկետ այցերի համար՝ արդյունավետ կառավարվող շարժունակության և անվտանգության անհրաժեշտ պայմանների ապահովմամբ:
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի խոսքով՝ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը Հայաստանի հետ համագործակցությունը և շարժունակությունը խթանելու ԵՄ-ի հանձնառության հստակ ցուցադրումն է։
«Սա քայլ է Հայաստանի և ԵՄ-ի ժողովրդի մերձեցմանն ընդառաջ և ի ճանաչումն Հայաստանի ջանքերի՝ ուղղված ԵՄ-ի հետ կապերի և ընդհանուր արժեքների ամրապնդմանը»,- նշել է նա։
Իր հերթին՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Եվրոպական միության ու նրա անդամ պետությունների վճռականությունը՝ առավել սերտացնելու երկու հասարակությունների և քաղաքացիների միջև շփումները:
«ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը կարևոր որոշում է՝ հիմնված ՀՀ-ի կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների վրա: Մենք այս գործընթացը դիտարկում ենք որպես միգրացիայի, մարդկանց տեղաշարժի և սահմանների կառավարման ոլորտների արդիականացման ռազմավարական օրակարգ՝ միաժամանակ գիտակցելով, որ այս ուղղությամբ անհրաժեշտ են շարունակական ջանքեր և թիրախավորված աշխատանք»,- հավելել է Գրիգորյանը:
Հուլիսի 22-ին ԵՄ-ի Արտաքին հարաբերությունների խորհուրդը ողջունել էր «Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի մտադրությունը»։
2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագիրը նվազեցնում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի վճարները և չեղարկում դրանք որոշ կատեգորիաների դիմողների համար:
Ապրիլի 5-ին Եվրահանձնաժողովը ներկայացրել էր 2024-2027 թվականներին Հայաստանի համար «Դիմակայունության և աճի» ծրագիրը՝ 270 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ։ Ծրագիրը նպատակաուղղված է Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդմանը:
Հուլիսի 4-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Եվրամիությունը 2024 թվականին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ հայկական բանակի համար մոդուլային դաշտային ճամբար ստեղծելու նպատակով։
2023 թվականի փետրվարի 20-ին Եվրամիությունը Միասնական անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում մեկնարկել էր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում (EUMA)։