ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ուկրաինայի հետ բանակցություններն անհնար են, քանի դեռ նրանց զինված ուժերը մնում են ռուսական տարածքում, հայտնել է «Ինտերֆաքս»-ը։
«Քանի դեռ մենք նրանց մեր տարածքից դուրս չենք նետել, բնականաբար, չենք խոսի նրանց հետ բանակցությունների մասին»,- ասել է Շոյգուն:
Նրա խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը «ցանկություն ունեին վերցնել Կուրսկի ատոմակայանը՝ միջուկային ահաբեկչություն իրականացնելու համար»։ «Բարեբախտաբար, դա ձախողվեց»,- ասել է Շոյգուն:
Ավելի վաղ թուրք վերլուծաբան Էնգին Օզերը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է ադրբեջանական կողմին փոխանցել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններ վարելու միջնորդությունը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, սեպտեմբերի 5-ին ելույթ ունենալով Արևելյան տնտեսական ֆորումում՝ ասել էր, որ եթե Ուկրաինան ցանկանում է բանակցել, ապա Ռուսաստանը չի մերժի, բայց իրենք դա կանեն Ստամբուլում արձանագրված պայմանավորվածությունների հիման վրա։